Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2011

Այսպես պետք է լինի միշտ և ամենուր

Այսպես պետք է լինի միշտ և ամենուր

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին:

 

Լոռվա չքնաղ բնությունն այդ օրերին կարծես ավարտում էր իր գարնանային համայնապատկերի հարդարումը և արևոտ, մեղմ, թարմ ու սթափեցնող օդով դիմավորեց տարածաշրջանի բուժհիմնարկներից մարզկենտրոնի մշակույթի նորակառույց տան առջև ստվարացող բազմությանը:

 

Մարզի ղեկավարությունը, հանրապետության առողջապահության նախարարության, բուժաշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության, Լոռու մարզային բուժհաստատությունների տնօրենների, արդեն բազմամյա և երիտասարդ մասնագետների սրտառուչ, անկաշկանդ հանդիպումները, շնորհավորանքներն ու ժպտադեմ տրամադրությունը փոխադրվեցին դահլիճ: Բեմահարթակից բացման խոսքին նախորդող «Հորովել» համույթի երիտասարդական եռանդով ուրախ պարը ոչ սովորական սցենարով կազմված տոնական հանդիսության սկիզբն էր ավետում:

 

Առաջին խոսքը, որ տրվեց Գուգարքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանին` բուժաշխատողին ուղղված ջերմ, հայրական, հակիրճ, բայց բովանդակալից ուղերձ էր Աստծո կամակատար` ազնվագույն մասնագիտության կրողներին հագեցած խորհուրդներով, մաղթանքներով և օրհնությամբ:

 

Չդադարող ծափահարությունների ներքո իրար ընդմիջող շնորհավորանքները, պարգևատրումներն ու գեղարվեստական ինտերմեդիաները լրացնում էին պետական պաշտոնականության և զգայականի միջև նման դեպքերում սովորաբար առկա անջրպետը, երևույթի հանդիսավորությունը վերածելով տոնակատարության: 

Այս տոնական տրամադրության պայմաններում Լոռու մարզպետ Ս. Քոչարյանի ողջույնի խոսքն ավարտվեց մարզպետարանի որոշմամբ սահմանված «2011թ. լավագույն բուժաշխատող» մրցանակաբաշխության հաղթող 6 ասպետներին կոչումներ շնորհելու արարողությամբ:

 

Մարզային առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ս. Լամբարյանը վարչության շնորհակալագրեր հանձնեց առաջատար 20 բուժաշխատողների, իսկ մարզպետարանի պարգևատրումների ցուցակը, գեղարվեստական ընդմիջումներով, ներկայացրեց մարզպետի տեղակալը (հանձնվեցին 44 պատվոգրեր և շնորհակալագրեր):

 

ՀՀ առողջապահության նախարարի անունից ուղերձով հանդես եկավ փոխնախարար Տ. Սահակյանը, իրենց գործունեությամբ աչքի ընկնող վաստակաշատ բուժաշխատողներին հանձնելով նախարարության շնորհակալագրերը: ՀՀ առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գ. Արմաղանովան, նշելով բուժաշխատողներրի շահերի պաշտպանության կարևորությունը, մարզային բուժաշխատողների երեք արհկոմների ղեկավարների պարգևատրեց հանրապետական խորհրդի պատվոգրերով և հուշանվերներով:

 

Միջոցառման եզրափակիչ ակորդը արհմիութենական երկարամյա գործիչ, Լոռու մարզի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Արշակ Վարդանյանի` այս միջոցառման հիմնական սցենարիստի և կազմակերպողի, սրտի խոսքն էր իր գործընկերներին` բոլոր նրանց, ովքեր կրում են այս դժվարին, պատասխանատու, մարդասիրական մասնագիտությունը:

 

Լոռու մարզի ղեկավարության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, բուժաշխատողների հանրապետական և Լոռու մարզային առողջապահական կազմակերպությունների համատեղ ջանքերը հուշեր արթնացնելու առիթ տվեցին` այսօր օգնության, գնահատանքի, հարգանքի բարոյական նեցուկի կարիք զգացող բուժաշխատողներին: Հունիսի 21-ը Վանաձորում իսկական տոն էր, վաղուց մոռացված տոնակատարություն, որ եկել էր թեթևացնելու հոգեբանական, տնտեսական ու դեռ չլուծված կնճռոտ հարցերի լուծմանը սպասող բուժաշխատողների մտահոգությունները, հավատ, վստահություն և լավատեսություն մաղթելու նրանց` իրենց անձնուրաց մասնագիտության արդարացի ու արժանավայել գնահատականը լսելու, տեսնելու և շնորհակալության զգացումով լցվելու համար: Այսպես պետք է լինի միշտ և ամենուր:

Հեղինակ. Մարտունի Մուրադյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ